Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը

PanARMENIAN.Net - Վերանորոգվում են երևանյան շատրվանների պոմպերը` Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նորոգման միջոցառումներ կսկսվեն 6 հասցեում:

Ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվել են այն շատրվանների պոմպակայանները, որոնք շահագործման օրվանից ի վեր երբևէ չեն հիմնանորոգվել:

«Խնդիրը մեր պոմպերի ու շարժիչների փոխարինումն էր: Դրանք արդեն ֆիզիկապես մաշվել էին, ամիսը երկու երեք անգամ վթարվում էին, արդեն հասել էր այն վիճակին, որ այդ պոմպերն անիմաստ էր վերանորոգել: Հիմա դրանք փոխարինվում են, և երկար տարիներ շատրվանը կգործի»,- նշել է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

Գործընթացը մեկնարկել է «Հանրապետության հրապարակ» կայարանի և Գայի արձանի դիմացի հատվածի գեղարվեստական շատրվաններից: Մասնագետները վստահեցնում են. այնպիսի հաշվարկներ են արվել, որ շատրվանները երկար ժամանակ անխափան աշխատեն:

Պոմպերի ու շարժիչների փոխարինմանը զուգահեռ՝ ծրագրով, ի դեպ, նորոգվում են նաև պոմպակայանները:

«Բոլոր պոմպակայաններում նախագծողի հետ ուսումնասիրություններ են արվել, հիդրավլիկական հաշվարկներ և, ելնելով տեղանքից ու շատրվանների բարձրությունից, հիմնարար եզրակացություն ունենք, թե որ կայարանի համար ինչ տիպի պոմպեր ենք տեղադրելու»,- ասել է «ՌԱՖ ՕՋԱԽ» ընկերության ճարտարագետ-հիդրոտեխնիկ Վաչե Գալստյանը։

Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունը սկիզբ է առնում 18-րդ դարից: Մայրաքաղաքում շահագործվում է 27 շատրվան և 8 ջրավազան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---