Fly Arna-ն մտադիր է երկրորդ օդանավը գնել

Fly Arna-ն մտադիր է երկրորդ օդանավը գնել

PanARMENIAN.Net - Fly Arna ազգային ավիաընկերության ավիապարկին շուտով եռագույնով ներկված ևս մեկ ինքնաթիռ կմիանա՝ ավիաընկերությունը 2-րդ օդանավը ձեռք բերելու աշխատանք է տանում։ Այդ մասին հայտնել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Մինչ ավիաընկերության ավիապարկը կհամալրվի երկրորդ ինքնաթիռով, այս պահին ազգային ավիափոխադրողը շահագործում է մեկ Airbus A320 մոդելի ինքնաթիռ: Անդրադառնալով հենց այդ մոդելի ինքնաթիռի առավելություններին՝ Անտոնյանն ասել է, որ եռագույնով ինքնաթիռն ունի առավել հարմարավետ ներքին հարդարում։

«Ինքնաթիռն ունի 174 նստատեղ, որոնց միջև հեռավորությունը 32 դյույմ (81սմ) է, ինչի շնորհիվ ուղևորները կարողանում են հանգիստ տեղավորել իրենց ոտքերը և հարմարավետ ճամփորդել։ Մյուս առավելություններից է օրինակ այն, որ ուղևորներն ունեն հնարավորություն ընտրելու սնունդ, ուղեբեռ և նստատեղ, ինչի արդյունքում կարողանում ենք բալանսավորել հարմարավետությունը և հասանելի արժեքներ»,-ասել է Անտոնյանը:

Ավիաընկերությունից վստահեցրել են, որ եռագույնով ներկված ինքնաթիռն առաջարկում է հենց ազգային ավիափոխադրողին հարիր ծառայություններ: Ազգային ավիափոխադրողի ինքնաթիռում գործում է SkyTime սթրիմինգային ծառայությունը, որը թռիչքի ժամանակ ուղևորներին տրամադրում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանուց օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ գտնել հայկական ֆիլմեր և հեռուստածրագրեր:

«Ուղղությունների ավելացման հետ մեկտեղ Fly Arna-ն ընդլայնելու է նաև SkyTime-ի ծառայությունները՝ Հայաստանի պատմության, տեսարժան վայրերի, այսինքն՝ զբոսաշրջային գրավչությունների մասին պատմող նյութերով, տեսահոլովակներով։ Վստահ ենք, որ կունենանք հետաքրքիր բովանդակություն, որը կծառայի իր նպատակին, այն է՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին հենց ինքնաթիռից ծանոթացնել Հայաստանի հետ և դրական վերաբերմունք ստեղծել մեր երկրի նկատմամբ»,-ասել է նա:

Անտոնյանը վստահեցրել է, որ ազգային ավիափոխադրողի ինքնաթիռում փորձել են հնարավորինս պահել հայկականությունը, մենյուում ևս մեծամասամբ ընդգրկված է հայկական արտադրության սնունդ, խմիչք:

«Թռիչքի ժամանակ մեր ուղևորները լսում են հայերեն: Եվ առաջին մեկնաբանությունը, որ անում են, հենց հայերեն հնչող հայտարարությունների մասին է, շատ տպավորվում են, երբ օդաչուն հայերեն է ողջունում, բորտուղեկցորդները հայերեն են խոսում»,-ասել է նա:

Fly Arna-ի մեկնարկային ուղղությունները ուղիղ չվերթեր են, որոնք կապում են Հայաստանը Հուրգադայի և Շարմ Էլ Շեյխի հետ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---