«Հայաստան» դաշինք․ Եռակողմ հայտարարության որևէ կետով չի նախատեսվում ճանապարհաշինության համար բնակավայրերի հանձնում

«Հայաստան» դաշինք․ Եռակողմ հայտարարության որևէ կետով չի նախատեսվում ճանապարհաշինության համար բնակավայրերի հանձնում

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը, անդրադառնալով Արցախում ծավալվող վերջին իրադարձություններին, հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում։

Ըստ դաշինքի՝ պարտության անիվն օր առաջ կանգնեցնել է պետք, ինչը «հնարավոր է բացառապես օրվա իշխանությունների հեռացմամբ»՝ միայն այդ դեպքում է հնարավոր եղածը պահպանել, նոր կորուստներից խուսափել ու իրական խաղաղության հասնել։

«Վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցավոր ագրեսիայի, հարկադրանքի և պարտադրանքի քաղաքականության հերթական դրսևորումների և Հայաստանի օրվա իշխանությունների պարտվողական կեցվածքի հետևանքով հայաթափման ու թշնամուն հանձնելու վտանգի առաջ են հայկական նոր բնակավայրեր։ Փաստացի արձանագրվել է նաև կոնկրետ ժամկետ՝ օգոստոսի 25-ը, որի կանխման պատասխանատու իշխանությունները նույնիսկ որևէ դիրքորոշում չեն հայտնել:

Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանված ժամկետից շուտ սպառնալով փակել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և պահանջելով իրեն հանձնել հարակից բնակավայրերը՝ Ադրբեջանն ակնհայտորեն հերթական անգամ խախտում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Վերոնշյալ եռակողմ հայտարարությունը որևէ կետով չի նախատեսում ճանապարհաշինության նպատակով բնակավայրերի հանձնում, չի պարունակում նաև դրույթ, որի համաձայն նոր ճանապարհը պետք է շրջանցի Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները։ Ըստ էության, նման իրավիճակը ցեղասպան վարքագիծ է` միջազգային նորմերի լույսի ներքո:

Հետևաբար՝ ականատեսն ենք միջազգային իրավունքի հերթական կոպտագույն խախտումների, ակնհայտ ապօրինի պահանջների, իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից դրանք փաստացի բավարարելու պատրաստակամությունն առնվազն հիմք է՝ պնդելու, որ կրկին գործ ունենք ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնությունների, «բանավոր փոխըմբռնման» ու բանավոր պայմանավորվածությունների հետ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ օգոստոսի 25-ը որպես վերջնաժամկետ հանրությանը հրամցնելը հենց դրա հերթական վկայությունն է:

«Այս իրադարձությունները կրկին վերահաստատեցին մեր համոզմունքն առ այն, որ միակողմանի զիջումների գնով առաջարկվող խաղաղությունը չի կարող իրական, կայուն ու երկարաժամկետ լինել։ Հայաստանի իշխանությունների անհետևողական, անորոշ քաղաքականության պատճառով չկա պատշաճ համագործակցություն և ոչ մի ուղղությամբ՝ լինեն խաղաղապահ ուժերը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, թե ընդհանրապես՝ միջազգային կառույցները։

Պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների հետ Հայաստանի ու Արցախի պարտությունը շարունակվում է՝ ամեն օր սպառնալով անդառնալի նոր կորուստների։

Հայ ժողովրդի համախմբումն այսօր հրամայական է՝ անկախ այս իշխանությունների գծած բոլոր բաժանարար գծերից, հետևողականորեն հրահրած ատելությունից։ Հրամայական է համազգային համախմբումը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ։ Օրվա իշխանությունները, սպասարկելով թուրք-ադրբեջանական շահերը, փաստացի համատեղ այդ ուժերի հետ իրականացնում են Արցախի հայաթափման ծրագիրը»,-ասվում է դաշինքի հայտարարության մեջ։

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաճինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայան, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---