Թաներ Աքչամը՝ Դադրյանի Երևանում գտնվող շիրիմի մասին․Այն անխնամ է և պատված մոլախոտով, նույնիսկ նշում չկա

Թաներ Աքչամը՝ Դադրյանի Երևանում գտնվող շիրիմի մասին․Այն անխնամ է և պատված մոլախոտով, նույնիսկ նշում չկա

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուսումնասիրություններով հայտնի Թաներ Աքչամն ահազանգել է հայտնի ցեղասպանագետ, պրոֆեսոր Վահագն Դադրյանի գերեզմանի անմխիթար վիճակի մասին, որը գտնվում է Երևանում։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում և նաև մի քանի լուսանկար հրապարակել։

Դադրյանը հուղարկավորվել է 2019-ին։

«Համառ և համբերատար հետազոտություններից հետո Արարատ-Էսքիջյան թանգարանի տնօրեն Մեգգի Գոշինին հաջողվել է պարզել, որ Երևանում գտնվող Դադրյանի գերեզմանը, որտեղ նա հուղարկավորվել է 2019-ին, մնացել է անխնամ և պատված է մոլախոտով։ Ավելին՝ գերեզմանի վրա նույնիսկ նշում չկա։ Միայն գերեզմանատան տնօրինության օգնությամբ է հնարավոր եղել գտնել գերեզմանի տեղը: Դադրյանն արժանի չէ սրան։

Մինչ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մեծարում են օտարերկրյա բազմաթիվ պաշտոնյաների, անընդունելի և չափազանց ամոթ է, որ Հայոց ցեղասպանության ժամանակակից հետազոտության հիմնադրի գերեզմանը գտնվում է անբարեկարգ և մոռացված վիճակում, նույնիսկ առանց հուշատախտակի։

Չգիտեմ, թե ով է պատասխանատու Դադրյանի հուղարկավորության և շիրմաքարի տեղադրման համար: Որն էլ լինի պատճառը, ես վստահ եմ, որ բոլորը կհամաձայնեն՝ սա խայտառակություն է և անընդունելի է։ Հուսով եմ, որ մեղավորներն անհապաղ միջոցներ կձեռնարկեն և Դադրյանին արժանի կդարձնեն գերեզմանը։ Միմյանց մեղադրելու փոխարեն, պետք է հավաքվենք և անենք այն, ինչ անհրաժեշտ է»,-ասվումն է թուրք գիտնականի գրառման մեջ։

Վահագն Դադրյանն ամերիկահայ ճանաչված գիտնական էր, իրավագետ, պատմաբան, սոցիոլոգ, մաթեմատիկոս, սցիոլոգիայի դոկտոր (1954), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (1995), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)։ Հայոց Ցեղասպանության պատմաբան և Զորյան հաստատության Ցեղասպանության ուսումնասիրման գծով տնօրեն։

Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։ Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---