29 օգոստոսի 2022 - 17:34 AMT
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցում անդրադարձել են ԼՂ շուրջ իրավիճակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին: Մասնավորապես, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը:

Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը և Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 29-ին հեռախոսազրույց կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար՝ 25 տարի առաջ մեր երկրների միջև ստորագրվել է բարեկամության մասին պայմանագիրը։ Եվ այսօլր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինն այդ կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,-ասել էր Պեսկովը։

Օգոստոսի 29-ին նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը։ Այդ առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։

‌ ‌