ՄԻՊ․ 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է

ՄԻՊ․ 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է

PanARMENIAN.Net - 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում։ Այդ մասին ասվում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի ուղերձում, որը նա հղել է Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա առթիվ։

Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևով։

«Ցավալիորեն ժամանակակից աշխարհում ընթացող հակամարտությունները բռնի անհետացումների հանցագործության համար «բարենպաստ» միջավայր են ստեղծել, և մենք, դժբախտաբար, մեր օրինակով գիտենք ու շարունակում ենք կրել 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո այս հանցագործության զոհերի ու հարազատների ցավն ու չմարող պայքարը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհետ կորած է համարվում:

Ադրբեջանական իշխանությունների կողմից գերիների ու անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների չտրամադրման կամ այդ տեղեկությունների աղճատման շարունակվող գործելակերպը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների հարցերն օգտագործել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված քաղաքական նպատակների համար։

Ցավալիորեն բռնի անհետացումների դեպքերին միջազգային արձագանքման մեխանիզմներն այս օրերին դրսևորում են իրենց արդյունավետության պակասը, ինչն այս ուղղությամբ բոլոր դերակատարների հետ միայն ակտիվ աշխատելու պատճառ է»,-ասվում է ուղերձում։

ՄԻՊ-ը նշել է նաև, որ միջազգային իրավունքով նախատեսված կանոնները կյանքի կոչելու համար, պետությունները պետք է ամրագրեն այդ նորմերը ներպետական օրենսդրությամբ և ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը դրանց գործադրման համար:

«Ուստի, այս առումով Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի Հանրապետության կառավարության հետ անհետ կորած անձանց ու նրանց հարազատների իրավունքների ապահովման վերաբերյալ ներպետական օրենսդրության ու ինստիտուցիոնալ շրջանակի բարելավման ուղղությամբ։

Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկելով բոլոր միջոցառումները անհետ կորած անձանց գտնելու և նրանց աջակցություն տրամադրելու հարցում՝ խստորեն դատապարտում եմ բռնի անհետացման անխտիր բոլոր դեպքերը և կոչ անում միավորել ջանքերը ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ բռնի անհետացած անձանց գտնելու և վերջիններիս ու նրանց ընտանիքների իրավունքների արդյունավետ երաշխավորման ուղղությամբ»,-ասվում է ուղերձում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած ու գերեվարված անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կշարունակվի մինչև 2022-ի սեպտեմբերը ներառյալ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---