30 օգոստոսի 2022 - 18:56 AMT
2022-ին Վրաստանում 7459 ռուսական ձեռնարկություն է գրանցվել

2022-ի մարտի 1-ից օգոստոսի 1-ը Վրաստանում 7459 ռուսական բիզնես ձեռնարկություն է գրանցվել։ Այդ մասին հայտնել է «Ինտերպրեսնյուս» գործակալությունը Վրաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների վրա հղումով։

Այդ ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է նաև 4045 բելառուսական և 737 ուկրաինական ընկերություն։

Գրանցված ռուսական ընկերություններից 544-ը սահմանափակ պատասխանատվության ընկերություն է, 6913-ը՝ անհատական ձեռներեցություն, և 2-ը՝ օտարերկրյա ընկերությունների բաժանմունք, գրում է smartmoney.one-ը։

Ըստ Վրաստանի վիճակագրական կոմիտեի, Վրաստանում գրանցված 544 ՍՊԸ-ից 542-ի դեպքում հայտնի չէ, թե ինչ գործունեություն են ծավալում դրանք:

Առավելագույն թվով ձեռնարկությունները Վրաստանում գրանցվել են մարտին։ Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները և մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ կոչ էին արել իշխանություններին վիզային ռեժիմ սահմանել ՌԴ քաղաքացիների համար՝ սահմանափակելով նրանց կացությունը երկրում 3 ամսով։