Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ

Փաշինյանը, Ալիևն ու Միշելը պայմանավորվել են շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում:

Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ նոյեմբերին:

Առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին:

Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա հայտարարել է, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները, հայտնում է «Ազատությունը»։

Շառլ Միշելը նշել է, որ կողմերը արտգործնախարարներին հանձնարարել են մեկ ամսվա ընթացքում հանդիպել՝ աշխատելու տեքստի նախագծի վրա։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը այդ մասին քննարկում եղել է։ Նշվում է միայն, որ քննարկումների առանցքում եղել են «վերջին զարգացումները Հարավային Կովկասում», որևէ խոսք չկա նաև Լեռնային Ղարաբաղում վերջին լարվածության մասին, որի հետևանքով զոհեր ու վիրավորներ եղան։

Դրական ու արդյունավետ գնահատելով բանակցությունները՝ Շառլ Միշելը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում մանրամասն քննարկում են ունեցել հումանիտար հարցերի, այդ թվում՝ ականազերծման, ձերբակալվածների և անհետ կորած անձանց ճակատագրի շուրջ։ Նախագահ Միշելը ադրբեջանական կողմին շեշտել է հայ գերիների ազատ արձակման կարևորությունը։

Շառլ Միշելը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ քննարկել է սահմանի դելիմիտացիային առնչվող հարցերը, և թե «ինչպես լավագույնս ապահովել կայուն իրավիճակ»։

«Սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերին։ Դիտարկել ենք նաև տրանսպորտային ապաշրջափակմանը վերաբերող քննարկումների առաջընթացը», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Իր հայտարարության վերջում Շառլ Միշելը նաև ընդգծել է երկու ժողովուրդներին երկարատև ու կայուն խաղաղությանը պատրաստելու կարևորությունը։

«Հանրային ուղերձները շատ կարևոր են այս առումով, նման զգայուն իրավիճակներում հանրային ցանկացած խոսք լսում են մյուս կողմում և քննարկում»,- նկատել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստ է առաջիկայում ևս աջակցել երկարատև, կայուն խաղաղությանը։

Շառլ Միշելի փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին։

Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն արդեն չորրորդ բրյուսելյան հանդիպումն էր։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---