1 սեպտեմբերի 2022 - 17:14 AMT
Ռուբեն Վարդանյանը տեղափոխվում է Արցախ և հրաժարվում ՌԴ քաղաքացիությունից

Հայտնի գործարար և բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ տեղափոխվում է Արցախ և հրաժարվում ՌԴ քաղաքացիությունից։ Իր հայտարարության մեջ նա նաև նշել է, որ Արցախի անվտանգության և զարգացման ճակատ է ստեղծում։

«Ես հայտնում եմ Արցախ տեղափոխվելու և Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու մասին։ Իմ ուղերձը ես ձայնագրել եմ Արցախում՝ Տնջրի ծառի մոտ, որն ամենահներից է աշխարհում և որի տարիքը գերազանցում է 2000 տարին։

Որպես ՀՀ քաղաքացի Արցախ գալու համար, ես հրաժարվել եմ ՌԴ քաղաքացիությունից, որովհետև այդպես ճիշտ կլինի։

Ես երախտապարտ եմ ռուս խաղաղապահներին Արցախում։ Կարծում եմ, որ խաղաղապահների մանդատը պետք է հստակեցնել, իսկ նրանց տեղակայման ժամկետը երկարացնել այնքան ժամանակ, մինչև որ կկարողանանք սեփական ուժերով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

Բացի այդ, կոչ եմ անում Ադրբեջանին դադարել սեղմել զսպանակը։ Մենք թույլ չենք տա, որ դուք աստիճանաբար դուրս մղեք այստեղից հայերին։ Դա անհնար է։

Ուզում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել էթնիկ զտումների անթույլատրելիության վրա։

Հայերիս համար եկել է էքզիստենցիալ Սարդարապատի պահը։ Այն չի զգացվում, ինչպես ռադիացիան, բայց, եթե մենք չկանգնենք ուս ուսի, կկորցնենք այն, ինչը մեր հենասյունն է։

Կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայերին միանալ Արցախի համար պայքարին»,-ասվում է Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ։

Ռուբեն Վարդանյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 2021-ին։ Նա ասել է, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու որոշումը կայացրել է 2020 թվականի պատերազմից հետո: