7 սեպտեմբերի 2022 - 14:57 AMT
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն առաջիկա օրերին այցելելու է տարածաշրջան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը։

«Սա լինելու է Կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդատու, դեսպան Ռիքերի առաջին այցը տարածաշրջան այդ պաշտոնում։ Դա կլինի կանոնավոր այլցելություններից առաջինն այդ տարածաշրջան։ Նա մեկնում է այսօր երեկոյան և կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան և բոլոր երկրներում հանդիպումներ կունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային առանցքային հարցեր։ Նա նաև փորձելու է աջակցել գործընկերներին և անմիջական և կառուցողական ձևով ներգրավվել կարևոր հարցերի լուծման և հետագա տարածաշրջանային համագործակցության գործում»,-ասել է Փաթելը։

Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։