7 սեպտեմբերի 2022 - 17:46 AMT
ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում խոսել է հայ գերիների, Ադրբեջանում ատելության խոսքի և ռասիզմի մասին

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած, Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին ելույթում ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս է ահազանգել Ադրբեջանի քաղաքական խոսույթում գերիշխող ատելության խոսքի և ռասիզմի վերաբերյալ, ինչը նաև արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին` դեսպան Մարգարյանը ֆորումի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը խոչընդոտելու վրա։

Ադրբեջանի կողմից սադրիչ և ռազմատենչ գործողությունների ու հռետորաբանության վերաբերյալ Մhեր Մարգարյանը նշել է, որ դա նաև ի ցույց է դնում, որ ոմանց համար սպառնալիքի, հրահրման և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին։

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է իր պատմական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների և արժանապատիվ կյանքի երաշխավորման միջոցով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայուն խաղաղության համար, տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայատանի մշտական ներկայացուցչությունը։ ‌