7 սեպտեմբերի 2022 - 18:57 AMT
ԱՀ ԱԺ․ Զոհված զինծառայողի հետ չամուսնացած, սակայն համատեղ զավակ ունեցող անձին ևս փոխհատուցում կտրվի

Սեպտեմբերի 7-ին հրավիրված ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2 օրենքի նախագիծ, որոնք ներկայացրել են պաշտպանության նախարարության և ոստիկանության պատասխանատուները:

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մարտական գործողությունների ժամանակ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների շրջանակում ընդգրկել նաև զինծառայողի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվող և համատեղ զավակ ունեցող անձը, իսկ զինծառայողից ամուսնալուծված, սակայն համատեղ զավակ ունեցող անձը չի համարվում շահառու:

Նախագծի ընդունման դեպքում շահառու կհամարվեն նաև զինծառայողի եղբայրը և քույրը, եթե տվյալ զինծառայողների մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել: Շահառուների բացակայություն առաջարկվում է համարել համապատասխան շահառուի ֆիզիկապես գոյություն չունենալը, ներառյալ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ ծնողական իրավունքներից զրկված լինելը կամ համապատասխան կարգավիճակ չունենալը:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով նախատեսվում է ոստիկանությունում ծառայության անցնելու առավելագույն տարիք սահմանել 35 տարին՝ նախկին 30-ի փոխարեն:

Օրինագծի ընդունման արդյունքում կբարձրանա ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման և ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետությունը:

ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կներկայացվեն խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: ‌