Փոխնախարար․ Հայկական արբանյակը գործում է, լուսանկարները կան, բայց բարձրաձայնելու կարիք չեն տեսնում

Փոխնախարար․ Հայկական արբանյակը գործում է, լուսանկարները կան, բայց բարձրաձայնելու կարիք չեն տեսնում

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանը սեպտեմբերի 8-ին մանրամասներ են ներկայացրել Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ ArmSat-1-ի մասին։

Փոխնախարարը պատասխանել է այն հարցին,թե Հայաստանի առաջին արբանյակի արձակումը ի՞նչ արդյունք է տվել, լուսանկարները կա՞ն, թե ոչ, եթե այո, ապա ե՞րբ են դրանք հրապարակվելու, գրում է Արմենպրեսը։

«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնել։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- պատասխանել է ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող իսպանական SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանին իր հերթին նշել է, որ այն ամենը, ինչ նախատեսվում է իրականացնել, երկրաժամկետ գործողություններով ծրագիր է։

«Արդեն առաջին քայլն արվել է, և արբանյակը արձակվել է տիեզերք։ Ամեն շաբաթվա կտրվածքով անում ենք նախատեսված գործողությունները, որովհետև տիեզերական գործունեությունը ենթադրում է հստակ ժամանակացույցով կատարվող քայլարշավ։ Առաջին քայլից հետո ունենք երկարաժամկետ պլանները, հաջորդ քայլը կլինի, մասնավորապես, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկարաժամկետ և մեծածավալ ծրագրերը պետք է համադրելի լինեն մուտքային տվյալների և ռեսուրսների ներգրավման հետ»,- ասել է Հերնանին։

SATLANTIS-ի համահիմնադրի խոսքով՝ ծրագրի շրջանակներում հայ ուսանողներին ուղարկելու են Իսպանիա վերապատրաստման, նաև համատեղ հետազոտական նախագծեր են իրականացնելու հենց Հայաստանից արբանյակների հաշվարկային կառավարման ուղղությամբ։

«Այսինքն՝ տեսնում ենք, որ տարբեր նախաձեռնություններ կան և բոլորի սկզբնաղբյուրը հենց Հայաստանից է, բայց սա երկարաժամկետ ծրագիր է, և պետք համբերությամբ լցվել, արդյունաբերությունը նորից արթնացնել, որովհետև Հայաստանում թեև եղել են օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության նախագծեր և կարողություններ, այնուամենայնիվ, ոլորտը որոշ ժամանակ քնած էր. պետք է այն նորից արթնացնել»,- ասել է Հերնանին։

SATLANTIS-ի համահիմնադիրը նշել է, որ հենց իրենց որոշումն է գալ Հայաստան և այստեղ աշխատել, որովհետև տեսնում են ներուժը։

«Այստեղ ինքնուրույնությունից ինքնավարության անցման քայլ է արվում ։ Այսինքն՝ դիսպետչերների կառավարման վահանակները, տվյալների կառավարման, ստացման և մշակման հնարավորությունները, գործարկումը, այդ բոլոր կարողությունները տեղ կունենան Հայաստանում։ Եվ սա համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը։ Մեծ օրը, կարևոր օրը սարերի հետևում չէ»,- եզրափակել է Հերնանին։

Հայաստանի առաջին արբանյակը ArmSat-1-ը տիեզերք է արձակել 2022-ի մայիսի 25-ին։ Նշվում է, որ ArmSat-1-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն ՀՀ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SANTLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։

ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---