10 սեպտեմբերի 2022 - 10:33 AMT
Ավինյանը՝ փոխքաղաքապետ նշանակվելու մասին․ Հայտարարություն կլինի

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր՝ Երևանի փոխքաղաքապետ նշանակվելու լուրերին, հայտնել է, որ հայտարարություն կլինի, պատեհ առիթի ժամանակ էլ այդ մասին ինքը կխոսի:

Այն հարցադրմանը, թե շշուկներ կան, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցելու է, և արդյո՞ք նրան հակառակորդ համարում է՝ Ավինյանը պատասխանել է, որ քաղաքապետարանի հետ կապված ոչինչ չի ցանկանում մեկնաբանել, քանի դեռ որոշակի ֆորմալ գործընթացներ են ընթանում, գրում է «Հայկական ժամանակը»։

Ավելի վաղ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի ավագանու նիստում Ավինյանն ընտրվելու է Երևանի փոխքաղաքապետ: Սակայն, որ այս պահի դրությամբ ավագանու նիստի օրակարգում այդ մասին ոչինչ տեղադրված չէ: ‌