10 սեպտեմբերի 2022 - 10:43 AMT
«Սուրմալուի» և «Փեթակի» աշխատակիցները բողոքում են միակողմանի փակ ճանապարհից․ Կարող են գործադուլ սկսել

Երևանի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` սպառնալով իրենց խնդիրները չլուծելու դեպքում գործադուլ սկսել։

Նրանց խոսքով` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո մոտ 200 մարդ չի կարողանում աշխատել։ Պատճառն, ըստ նրանց, պատահարից հետո Քրիստափորի փողոցի նախ փակ, ապա միակողմանի փակ լինելն է, գրում է Sputnik Արմենիան։

«Ճանապարհը փակ է, դրա համար էլ ոչ մի մարդ չի գալիս»,– լրագրողների հետ զրույցում հայտնել է աշխատակիցներից մեկը։

Մեկ ուրիշի խոսքով էլ` հաճախորդների թվի նվազմանը նպաստել են նաև «Փեթակ» առևտրի կենտրոնի անվտանգության մասին պետական մակարդակով արված հայտարարությունները։

««Փեթակ» տոնավաճառում մոտ 800-900 առևտուր անող կա` ՍՊԸ–ներ, ԱՁ–ներ, նույնը` «Սուրմալուն»։ Հիմա որ այսքան մարդ անգործ մնա, որտե՞ղ պետք է տեղավորվեն, տեղ չկա»,– ասել է առևտրականներից մեկը։

Խնդիրն այն է, որ «Սուրմալուի» պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակվել էր։ Օգոստոսի 23-ից այն միակողմանի բացվեց: Բայց այդ երթևեկությունն, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, թույլ չի տալիս, որ տվյալ հատվածում գտնվող առևտրի տաղավարները բնականոն գործեն։ Հաճախորդները խուսափում են մտնել միակողմանի փողոց։

Քրիստափորի փողոցը գտնվում է «Փեթակի» ու «Սուրմալուի» մեջտեղում, երկու առևտրի կենտրոնները փողոցի երկու կողմերում են` իրար դիմաց, հտևաբար այս փողոցից օգտվում են միաժամանակ երկու առևտրի կենտրոնների թե՛ աշխատողները, թե՛ հաճախորդները։

Պաշտոնապես հայտարարվել է, որ ճանապարհը միակողմանի է գործելու մինչև տարեվերջ։

Oգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած, շուրջ 7 տասնյակ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։