Ադրբեջանական ագրեսիան ՀՀ դեմ․ Կարևորն առավոտվա դրությամբ

Ադրբեջանական ագրեսիան ՀՀ դեմ․ Կարևորն առավոտվա դրությամբ

PanARMENIAN.Net - Ժամը 08։00 դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն էական փոփոխոթություն չի կրել, Ադրբեջանը շարունակում է կրակ վարել Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով։ Որոշ հատվածներում հակառակորդն առաջխաղացման փորձեր է ձեռնարկում։

Իրավիճակը ներկայացվել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներին, հայտնում է ՊՆ-ն։

Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ որոշել է պաշտոնապես դիմել ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության հաղորդագրությունում չի նշվում՝ արդյոք, մասնավորապես, ՀԱՊԿ-ին դիմելու են պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթների համաձայն։

Այդ որոշման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։ Վերջինս ամերիկյան կողմի խորը մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը, նա նաև ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը։ Ավելի վաղ Փաշինյանը հեռախոսազրույց էր անցկացրել նաև ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, պայմանավորվելով օպերատիվ կապի մեջ լինել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---