13 սեպտեմբերի 2022 - 09:56 AMT
Վարչապետը խոսել է ԱՄՆ պետքարտուղարի և Մակրոնի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկվող ագրեսիայի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ տեղի ունեցող գործողությունների հետ կապված որոշում է կայացվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը միջազգային հանրության համարժեք արձագանքի հույս է հայտնել:

Էնթոնի Բլինքենն ամերիկյան կողմի խոր մտահոգությունն է արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել իրադրության հետագա լարումը: Նա ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել ջանքեր գործադրել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ և ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:

Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը և շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհրաժեշտությունը: ‌