13 սեպտեմբերի 2022 - 12:49 AMT
ՔԿ․ Կապան-Ճակատեն ճանապարհին թիրախավորվել և խոցվել է շտապօգնության տարբերանշանով մեքենան

Ադրբեջանի ԶՈւ կողմից Կապան-Ճակատեն ճանապարհին թիրախավորվել և խոցվել է շտապօգնության տարբերանշանով մեքենան։ Այդ մասին ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղբնակչությանը։

Նշվում է, որ հարձակման օբյեկտ են դարձել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը:

Նախաքննությունը շարունակվում է։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Նա նաև հայտնել է, որ Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից շտապօգնության մեքենա է խափանվել, անձնակազմը ժամանակին լքել է այն։

«Շտապօգնության տարբերանշանով ու համապատասխանորեն կահավորված տրանսպորտային միջոցների թիրախավորման փաստերը ևս ստացվում են։ Նշվածը Միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևյան կոնվենցիաների (Լրացուցիչ արձանագրություն I) կոպիտ խախտում է։

Ըստ ՄԻՊ գրասենյակի տեղեկությունների` Ճակատենի հատվածում ադրբեջանական կրակոցից խափանված շտապօգնության մեքենան գտնվում է նույն տեղում, անձնակազմը ժամանակին լքել է տրանսպորտային միջոցը։ Այս պահի տեղեկություններով շտապօգնության որևէ բրիգադ չի վնասվել։

Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին»,-ասվում է գրառման մեջ։

ՄԻՊ-ը նաև լուսանկարներ է հրապարակել։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։