13 սեպտեմբերի 2022 - 13:00 AMT
Միրզոյանն ու Սեմերիկովը քննարկել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Քննարկվել են ՀԱՊԿ առկա մեխանիզմների գործարկման ուղիները։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 13-ի ժամը 08։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։