14 սեպտեմբերի 2022 - 16:26 AMT
Թաթոյան․ Փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն ընդլայնել է հրետակոծության աշխարհագրությունը

Նոր փաստերը հաստատում են, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 14-ին ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Գեղարքունիքում Սոթքից, Վերին Շորժայից, Նորաբակից և Կութից բացի, ավելացել են նաև Ազատ, Այրք, Տրետուք, Կուտական գյուղերի ուղղությունները:

Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել Սոթքում, Նորաբակում, Կուտականում, Կութում, Այրքում:

Ադրբեջանական զինված ուժերը կանխամտածված զգալի վնասներ են պատճառել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ` զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։