14 սեպտեմբերի 2022 - 16:51 AMT
Պեսկով․ Լարվածությունը ՀՀ և Ադրբեջանի սահմանին պահպանվում է, ՀԱՊԿ առաքելությունը դեռ տեղ չի հասել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ լարվածությունը ՀՀ և Ադրբեջանի սահմանին պահպանվում է, իսկ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի հասել տեղ։

«Միանշանակ լարվածությունը պահպանվում է։ Գիտեք, որ սեպտեմբերի 13-ին որոշում է կայացվել, որ ՀԱՊԿ առաքելությունը կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ կմեկնի հայ-ադրբեջանական սահման։ Նրանք զեկույց կներկայացնեն պետությունների ղեկավարներին, որն էլ կքննարկվի»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը հայտարարել է, որ կազմակերպության առաքելությունը դեռ չի հասել տեղ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

Photo. Ria Novosti