14 սեպտեմբերի 2022 - 17:22 AMT
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին մասնակիցների ուշադրությունն է հրավիրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին սանձազերծված ռազմական ագրեսիային:

Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը, միջազգային մարդասիրական իրավունքի և Ժնևի կոնվենցիաների բացահայտ խախտմամբ, գնդակոծության են ենթարկել հայկական մի շարք բնակավայրեր` օգտագործելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանային միջոցներ, ականանետներ ու ԱԹՍ-ներ։

Նշվել է, որ Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների, ՄԱԿ կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է:

Անդրադառնալով միջազգային հանրության պատշաճ արձագանքի անհրաժեշտությանը` Պապիկյանն ընդգծել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հստակ և միանշանակ դատապարտման կարևորությունը ԵԱՀԿ և նրա մասնակից պետությունների կողմից: Շեշտվել է, որ միայն Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վերաբերյալ հստակ արձագանքը և համարժեք գնահատականը, ներառյալ միջազգային հանրության կողմից համապատասխան գործուն քայլերը կարող են կանխել նոր պատերազմը տարածաշրջանում։

Նա նշել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումը խաթարում են տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերի կարգավորմանը։

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը` տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օրակարգին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայն մանդատ ունեցող բանակցային ձևաչափի, ջանքերի կարևորությունը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 49 զոհ ունի, բայց թիվը վերջնական չէ։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։