15 սեպտեմբերի 2022 - 13:41 AMT
Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել, Վերիշենում՝ վիրավորվել

Սեպտեմբերի 14-ին թշնամու կրակոցների հետևանքով Սյունիքի մարզի Նորավան համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Այդ մասին հայտնել է համայնքի ղեկավար Սլավիկ Պապյանը, գրում է Sputnik Արմենիան։

«Երեկ կեսօրից հետո ասել էին, որ հրադադար է, ինքն էլ մտածել է` արդեն խաղաղ կլինի ու գյուղի վերևի մաս է բարձրացել։ 2 վարկած կա` կամ գնացել է անասունների հետևից, կամ էլ ասում են, թե իմացել է` վերևում վիրավորներ կան, փորձել է օգնության հասնել։ Տղամարդն ԱԹՍ-ի կամ էլ արկի հարվածից է զոհվել»,– ասել է Պապյանը։

Նա հայտնել է, որ զոհված տղամարդը 30 տարեկան էր, 4 երեխա ուներ։

Պապյանը հայտնել է նաև, որ գիշերը խաղաղ է անցել, այս պահին նույնպես կրակոցներ չկան։

Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում սեպտեմբերի 14-ի ցերեկը` 15։00-ի սահմաններում, մեկ քաղաքացիական անձ է վիրավորվել. նա ստացել է ոտքի բեկորային վնասվածք։ Այս մասին ասել է Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

«Ներկա պահին այդ անձը հիվանդանոցում է, կյանքին վտանգ չի սպառնում»,– նշել է Զադայանը։

Նրա խոսքով` երեկոյան մոտ 20։00-ից սկսած մինչ այս պահը թշնամին գյուղը չի հրետակոծել և գնդակոծել։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։