15 սեպտեմբերի 2022 - 13:39 AMT
ՀԱՊԿ-ն ուժեր չի ուղարկի ՀՀ. Առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան

ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել, է, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա։

Նա հորդորել է առաջ չընկնել։

«Սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում»,-ասել է Սիդորովը, հայտնում է Zvezvda-ն։

Սիդորովը հույս է հայտնել, որ հետագայում ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ՀԱՊԿ ուժերի կիրառման:

Իսկ ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան։ Այդ մասին ևս հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մեր այսօրվա միջոցառման ավարտին ես մեկնում են ՀՀ Միացյալ շտաբի մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Ընդգրկված են բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները»,-ասել է նա՝ հավելելով, որ սեպտեմբերի 15-ի երեկոյան կլինեն սեպտեմբերի 15-ին։

Սիդորովը նշել է, որ առաքելությունը գործուղելու առաջարկն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ստացել բոլոր անդամ պետությունների հավանությունը։

Սիդորովը նաև ասել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ կժամանի հաջորդ շաբաթ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։