15 սեպտեմբերի 2022 - 14:25 AMT
Փրայս․ Բլինքենն Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն իր ամենաօրյա ճեպազրույցում, անդրադառնալով ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական սահմանային բախումների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակին, ասել է, որ իրադրությունը շարունակում է մնալ շատ մտահոգիչ:

Նա նաև տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթվա սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Մենք խորապես մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շարունակվող հարձակումներով, որին ականատես ենք արդեն երկրորդ օրն անընդմեջ: Մեզ հատկապես անհանգստացնում են Հայաստանի ներսում խաղաղ բնակչությանը շրջանում տուժածների մասին շարունակական հաղորդագրությունները:

Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինքենն այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, հնարավորություն ունեցավ մեկ գիշերում խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների վերաբերյալ, ներառյալ՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումները: Նա նախագահ Ալիևին հորդորել է հետ քաշել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը, և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցային ճանապարհով»,-ասել է Փրայսը:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն այս համատեքստում, անգամ նախկինում, երկու ղեկավարներին և բոլոր մակարդակներում հասկացրել է, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

«Մենք երկու կողմերին հորդորել ենք զերծ մնալ ռազմական հետագա գործողություններից և ներգրավվել երկխոսության և դիվանագիտության մեջ: Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դեսպան Ռիքերը, ով մեր ավագ խորհրդականն է հակամարտությունների շուրջ բանակցությունների գծով, դեռ Բաքվում է։ Նա սեպտեմբերի 13-ին և 14-ին հանդիպել է Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ։ Դեսպան Ռիքերը երեկ Բաքվում հանդիպել է նախագահ Ալիևին։ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդը զրուցել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ, և մենք հավատարիմ ենք մնում այն քայլերին ՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն»,- ասել է Նեդ Փրայսը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։