15 սեպտեմբերի 2022 - 14:27 AMT
Շոլց․ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է անիմաստ հակամարտություն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սեպտեմբերի 14-ին Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «ընթանում է մարդկային կյանքեր խլող անիմաստ հակամարտություն»:

Շոլցը լրագրողներին ասել է, թե աշխատանք կա անելու թե՛ Եվրոպական միության, թե՛ Գերմանիայի կողմից՝ ապահովելու համար, որ գտնվի բռնության խաղաղ հանգուցալուծումը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Շոլցին հարցրել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի մասին՝ Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։ Նա ասել է, թե, ցավոք, չի կարող ասել, որ մինչ այժմ այնտեղ աճել է այն գիտակցումը, թե պատերազմը սկսելը սխալ որոշում էր:

Շոլցը, սակայն, ասել է, թե ճիշտ է այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ կապի միջոցները պահպանելը և համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Ուկրաինայից:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։

Photo. Reuters