13 ապրիլի 2009 - 19:10 AMT
Կոսովոյի ազատագրման բանակը համակենտրոնացման ճամբարներ է ունեցել
1999թ. նատոյական ռմբակոծությունների ժամանակ Կոսովոյի ազատագրման Բանակը բանտերի իսկական մի ցանց ուներ, որտեղ տանջում եւ պատժում էին սերբերին, գնչուներին ու ալբանացիներին, որոնք մեղադրվում էին սերբական վարչակարգի հետ համագործակցության մեջ, հաղորդում է Le Temps-ը: Այդ գաղտնի բանտերը Ալբանիայի հյուսիսում հաճախ կից էին ռազմիկների զորավարժական ճամբարներին: Վկայի խոսքով, բանտարկյալների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին:

BalkanInsight-ի լրագրողների տրամադրության տակ են ընկել մինչ օրս գաղտնի փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ՆԱՏՕ-ի զինվորները ազատագրում էին որոշ այդպիսի ճամբարների բանտարկյալներին. «Դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն, եւ ամենայն հավանականությամբ այլ միջազգային կազմակերպություններ, որոնք ներկա էին Կոսովոյում 1999թ. հունիսից հետո, գիտեին այդպիսի ճամբարների գոյության մասին»,- գրում է թղթակից Ժան-Առնո Դերենը: BalkanInsight-ի հետաքննության մեջ ոչինչ չի ասվում կոսովյան ռազմիկների կողմից կիրառվող առեւանգված սերբերի օրգանների վաճառքի մասին, ինչի վերաբերյալ իր գրքում գրում էր ՆՀՄԱ նախկին գլխավոր դատախազ Կառլա Դել Պոնտեն, բայց հաստատվում է ալբանական Բուրրել քաղաքի կողքին բանտի գոյությունը, որը ենթադրաբար, օրգանների վաճառքի կենտրոնն էր հանդիսանում:

Հետաքննության ընթացքում նաեւ հաստատվել է, որ որոշ նախկին դահիճներ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում Կոսովոյի զանազան, այդ թվում` իրավաբանական մարմիններում: Ինչպես նշում է հրատարակությունը, Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին միանգամից հերքել է բոլոր մեղադրանքները: Միեւնույն ժամանակ Eulex եվրոպական առաքելությունը հայտարարում է, որ իր տրամադրության տակ այդ ճամբարների մասին փաստաթղթեր կան: Պրիշտինի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեն կառավարությանը կոչ է արել դադարեցնել այդ մեղադրանքների արհամարումը, իսկ կոսովյան արդարադատության նախարարը կարծիք է հայտնել, թե այդ մեղադրանքներով հետաքննություն կարող է իրականացնել միայն Eulex-ը: