15 սեպտեմբերի 2022 - 16:23 AMT
ԱՀ նախագահը՝ ՀՀ ԱԽ նիստի մասին․ Այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը Երևանում է Արցախի հարցով ՀՀ իշխանությունների հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, մանրամասնել է ներկայացրել տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից։

Նա ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։

«Հայտնում եմ, որ այդ նպատակով մասնակցել եմ ՀՀ անվտանգության խորհրդի նիստին։ Տեղի ունեցած քննարկումներից հետո ցանկանում եմ մեկ անգամ ևս արձանագրել, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։

ՀՀ մեր գործընկերներին ուղղված իմ խոսքում բառացիորեն փոխանցել եմ բոլորիս մտահոգությունները՝ ընդգծելով, որ ոչ մի փաստաթուղթ չի կարող ստորադասել մեր ժողովրդի ազատ և ինքնիշխան ապրելու իրավունքն ու ձգտումները։ ՀՀ իշխանությունները վերահաստատել են, որ առանց Արցախի իշխանությունների հետ քննարկելու և մեր ժողովրդի կարծիքը հաշվի առնելու Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

ԱՀ ազգային ժողովի պատվիրակությունը ևս, գտնվելով Երևանում, շարունակելու է քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի, ԱԺ նախագահի և քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով․ «Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին»։

Ավելի ուշ նաև ևս մեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։