Ստեփանակերտում կրկին հանրահավաք էր

Ստեփանակերտում կրկին հանրահավաք էր

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 15-ին վերսկսվել է նախօրեին մեկնարկած ինքնաբուխ հանրահավաքը: Հանրահավաքին մասնակցել են բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ բուհերի դասախոսներ, ուսանողներ, դպրոցականներ և ուսուցիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ:

Ելույթ ունեցողներն իրենց մտավախությունն են բարձրաձայնել սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության և Արցախի ճակատագրի վերաբերյալ, գրում է Արցախպրեսը։

Հանրահավաքին ներկա էր Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ ԱՀ ժողովրդի փոխարեն ոչ ոք իրավունք չունի միանձնյա որևէ փաստաթուղթ ստորագրելու՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, որը դեմ է Արցախի շահերին:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հանրապետության նախագահի՝ նախօրեին արած հայտարարությունը՝ վերահաստատելով, որ անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Հանրահավաքում ելույթ ունեցողները պահանջել են երաշխիքներ՝ Ադրբեջանի կազմում Արցախի չհայտնվելու վերաբերյալ, ինչպես նաև հարգել Արցախի ժողովրդի կամարտահայտության իրավունքն ու հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության անկախության ուղեգծին:

Հայտարարվել է, որ հանրահավաքը շարունակվելու է նաև երեկոյան՝ ժամը 19:00-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն սեպտեմբերի 14-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ այս պահի դրությամբ ադրբեջանցիները ևս 10 քկմ օկուպացրել են մեր տարածքից։

«Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։ Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

Նրա ելույթից հետո մեծ բազմություն է հավաքվել ԱԺ մոտ և հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։ Ցուցարարները պահանջում էին անվստահություն հայտնել վարչապետին: Ավելի ուշ Փաշինյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ նշելով որ ոչ մի թուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել, և որ նրա խոսքը խեղաթյուրվել է, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից։ «Կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ մանիպուլյացիաների չտրվել»,- գրել էր նա, այնուհետև նույն միտքը կրկնել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---