Պապիկյանը՝ Կլաարին․ Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է

Պապիկյանը՝ Կլաարին․ Լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանն ասել է, որ լայնածավալ ագրեսիան նախապես ծրագրված ադրբեջանական սադրանք է:

Շնորհակալություն հայտնելով իրավիճակին արագ արձագանքելու և տարածաշրջան այցելելու համար՝ պաշտպանության նախարարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Իրավիճակի հանգուցալուծման առումով պաշտպանության նախարարը շեշտել է տեղի ունեցած ագրեսիային միջազգային հանրության, այդ թվում` ԵՄ հասցեական գնահատականների անհրաժեշտությունը:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր խոսքում ներկայացրել է ԵՄ դիրքորոշումը ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ` շեշտելով առկա բոլոր տարաձայնությունները բացառապես դիվանագիտական գործիքակազմով լուծելու անհրաժեշտությունը:

Տոյվո Կլաարը վերահաստատել է նաև ԵՄ հանձնառությունը` նպաստելու կողմերի միջև բանակցային գործընթացի վերականգնմանը և համաձայնությունների ձեռքբերմանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակութան ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Կան զոհեր ու վիրավորներ։ Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Սեպտեմբերի 14-ի առավոտյան լարված իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին պահպանվում է։ ժամը 08։00-ից սկսած հակառակորդը կրկին նախահարձակ գործողություններ է սկսել, մասնավորապես` Ջերմուկի ու Վերին Շորժայի ուղղությամբ։ ադրբեջանցիները կիրառում են հրետանային միջոցներ, ականանետեր, իսկ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ։

ԱԺ-ում ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 զոհ ունի։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---