16 սեպտեմբերի 2022 - 10:43 AMT
Շոյգուն խոսել է Պապիկյանի և Ադրբեջանի ԳՇ պետի հետ․ Քննարկել են իրավիճակը տարածաշրջանում

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևի հետ՝ քննարկել են ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում:

Պապիկյանի հետ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաջադրանքների կատարման շրջաններում։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի այն շրջաններում, որտեղ առաջադրանք են կատարում ռուս խաղաղապահները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վելիևի հետ Շոյգուն քննարկել է ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում ընթացիկ իրավիճակին առնչվող հարցեր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։