16 սեպտեմբերի 2022 - 11:37 AMT
Վարչապետ․ 135 զոհ ունենք, թիվը վերջնական չէ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, որը մեկնարկել է 1 րոպե լռությամբ, հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ հայկական կողմը Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունի 135 զոհ։

Նա հավելել է, որ, ցավոք, այդ թիվը վերջնական չէ։

«Ցավոք, գիտենք, որ այդ թիվը վերջնական չէ, ունենք բազմաթիվ վիրավորներ»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը հայտարարել է, որ ՀՀ դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զինուժը պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը, այդ թվում նաև 2021-ին վերահսկողության տակ վերցրած տարածքները:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, տեղեկացրել է, որ այն հարաբերական հանգիստ է, և որ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը չի խախտվել:

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ զոհված զինծառայողների տվյալները ճշտվում են և կհրապարակվեն բացառապես վերջնական ճշտումից հետո։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։