16 սեպտեմբերի 2022 - 12:26 AMT
Politico․ ՀՀ կայցելի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շաբաթվա վերջում կայցելի Հայաստան, գրում է Politico-ն՝ երկու իրազեկ անձին հղումով։

Նշվում է, որ այցը կոչված է աջակցություն հայտնելու Հայաստանին, որը «մահացու պայքարի մեջ է Ադրբեջանի հետ»։

Փելոսիին կուղեկցի Կոնգրեսի ներկայացուցիչ Ջեքի Սփիերը (Կալիֆոռնիա)։

Փելոսին Երևան կժամանի Բեռլինից, որտեղ մասնակցելու է G7-ի խոսնակների գագաթնաժողովին։

Ակնկալվում է, որ նա հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

Photo. AP