16 սեպտեմբերի 2022 - 12:32 AMT
ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը ՀՀ-ում է

Սեպտեմբերի 15-ի երեկոյան, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն, մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նույն օրը Սիդորովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Վերջինս ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջադրել առաջիկա մոնիտորինգի հետ կապված խնդիրները: Նախարարը հույս է հայտնել, որ խումբն արդյունավետ աշխատանք կիրականացնի և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մանրամասն և ճշգրիտ հաշվետվություն ստեղծված օպերատիվ իրադրության վերաբերյալ:

Առաջիկա օրերին օպերատիվ խումբը համապատասխան աշխատանք կկատարի ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում և մարտական գործողությունների շրջաններում:

Սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա։

«Սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարել են, որ այս խնդիրը, որն այսօր գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով։ Ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում՝ խոսք չի գնում»,-ասել էր Սիդորովը։