16 սեպտեմբերի 2022 - 12:46 AMT
Վարչապետ․ Ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա։ Նա հավելել է, որ այդ եզրակացության են եկել ԱԽ նիստում քննարկումներից հետո։

Փաշինյանը նաև ասել է՝ քաղաքացիների մի մասն ասում է, որ «սպասում էին ռազմական դրության, որ մասնակցեն մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը»։ Նա հավելել է, որ այդ մարդիկ կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ։

ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանն իր հերթին հավելել է, որ Աշխարհազորի մասին օրենքը, եռամսյա հավաքների մասին որոշումները տալիս են այդ հնարավորությունները և զինկոմիսարիատները պատրաստ են ընդունել ցանկացողներին և տեղորոշել ըստ վայրերի:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։