16 սեպտեմբերի 2022 - 13:44 AMT
Անդրանիկ Քոչարյան․ 6 դիրք ենք hետ վերցրել

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիային, ասել է, որ այս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել:

«Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- ասել է Քոչարյանը, գրում է Panorama.am-ը։

Պատասխանելով ադրբեջանական կողմից օկուպացրած 10 քկմ տարածքի և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ հարցին՝ Քոչարյանն ասել է, որ ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն։

Նրա խոսքով, ամեն ինչ պետք է անել հրադադարի ռեժիմը պահելու համար, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները, որոնք, այնուամենայնիվ, շատ սահմանափակ են ի տարբերություն հակառակորդի, լիարժեք անցնեն պատրաստման փուլ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։