16 սեպտեմբերի 2022 - 14:25 AMT
Իրանի դեսպանություն. ԻԻՀ-ն հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի ՀՀ հետ սահմանին

Իրանը հստակորեն և տարբեր մակարդակներում արտահայտել է իր դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և երկու հարևան երկրի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է ՀՀ-ում Իրանի դեսպանության՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ:

«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին»,-ասված է դեսպանության մեկնաբանությունում:

Նշվում է նաև, որ ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետի, ինչպես նաև Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում այդ սկզբունքային դիրքորոշումը կրկնվել է:

«ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած ընդհարումների նոր փուլի կապակցությամբ և խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորմանը աջակցելու ուղղությամբ պատրաստակամություն հայտնելու հետ մեկտեղ հստակորեն ընդգծել է, որ Իրանի համար կարևոր է երկու հարևան երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և այն, որ Իրան-Հայաստան սահմանը պատմական հաղորդակցության ուղի է, և պետք է մնա առանց փոփոխության»,-ասվում է մեկնաբանության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։