ՌԴ դեսպանատան մոտ ցույց էր․ 3 բերման ենթարկված կա

ՌԴ դեսպանատան մոտ ցույց էր․ 3 բերման ենթարկված կա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ի առավոտյան մի խումբ անձինք բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։ Ըստ ցուցարարների՝ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարում իր ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները:

«Հավաքի նպատակն է ՀՀ քաղաքացիների բողոքի արտահայտումն ընդդեմ ՌԴ անտարբերության ու չեզոքության։ Հավաքը կուսակցական չէ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է գալու իր պաստառով, իր կոչերով ու իր պահանջով»,- ասված էր ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։

Կարմիր բերետավորները բերման են ենթարկել խաղաղ բողոքի ակցիա իրականացնող 3 անձի։ Նրանց թվում է «Իրավունքի ուժ» ՀԿ համանախագահ Արման Ղարիբյանը, գրում է Factor.am-ը։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը նշել է, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

«Այնինչ, տեսանյութում հստակ երևում է, որ մասնակիցները պաստառներով ուղղակի կանգնած են դեսպանատան շենքի դիմաց», գրում է Factor-ը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---