ANCA-ն Փելոսիին կոչ է արել դադարեցնել ռազմական օժանդակությունն Ադրբեջանին

ANCA-ն Փելոսիին կոչ է արել դադարեցնել ռազմական օժանդակությունն Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, քանի որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ Արցախում շարունակվում են բնիկ հայերի էթնիկ զտումները։

Փելոսիի Հայաստան այցին ընդառաջ՝ վերջինիս հղված նամակում հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանն անդրադարձել է Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը՝ նկատելով, որ դրա դադարեցումը, ինչպես նաև հայ ժողովրդին պաշտպանելն ու խաղաղության խթանումը, կուժեղացնի մարդու իրավունքների հանդեպ ամերիկյան հանձնառությունը, որպես արտաքին քաղաքականության առանցքային դրույթ։

Հանդես գալով ամերիկահայ համայնքի և Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կոալիցիոն գործընկերների անունից՝ Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու, որ 2023թ․ ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շաբաթվա վերջում կայցելի Հայաստան, գրում է Politico-ն՝ երկու իրազեկ անձին հղումով։ Նշվում է, որ այցը կոչված է աջակցություն հայտնելու Հայաստանին, որը «մահացու պայքարի մեջ է Ադրբեջանի հետ»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---