Ֆրանսահայերը ցույց են արել Փարիզում․ Մոտ 20 քաղգործիչ է աջակցել

Ֆրանսահայերը ցույց են արել Փարիզում․ Մոտ 20 քաղգործիչ է աջակցել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզում` երկրի ԱԳՆ շենքի մոտ` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի դեմ Ադրբեջանի կանխամտածված ագրեսիայի կապակցությամբ: Ցուցարարները վանկարկել են «Կանգնիր Ալիև, դուրս կորիր Հայաստանից», «պանթուրքիզմ = ֆաշիզմ» և այլն, գրում է «Փաստինֆոն»։

Մոտ 20 քաղաքական գործիչ եկել էր աջակցելու հայկական պայքարին` այդ թվում Գաբրիել Աթթալը` երկրի կառավարության նախկին խոսնակ, իսկ այժմ Պետական հաշիվների գծով նախարար-պատվիրակը:

Իր խոսքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որը գրեթե միակն է աշխարհում, ով դիվանագիտորեն արձագանքել է իրավիճակին` խնդիրը փոխանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ին:

«Բավական է գլուխներդ թաղեք հողի մեջ: Եթե ոչ մեկին չթողնենք բաժանել մեզ, մենք կհաղթենք», – նշել է նա` որպես օրինակ բերելով 1918 թ. Սարդարապատն ու 1990-ականներին Արցախը:

Ակցիային միացած Բերիվան Ֆըրաթը` Ֆրանսիայում Քրդական ժողովրդավարական խորհրդի խոսնակը, նշել է. «Հայերի պայքարը, ճնշված ազգերի պայքարն է, իմ պայքարն է: Այսօր ես հայ եմ: Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, ասորիների և նաև Ֆրանսիայի համար, Արևմուտքի համար, մեր երիտասարդության և սերունդների համար»:

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն էլ իր հերթին ավելացրել է. «Այսօր Բաքուն հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա: Անթույլատրելի է հարձակում գործել ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա և պատասխան չստանալ դրա համար ՄԱԿ-ի կողմից: Մենք վախում ենք Հայաստանի, նրա անվտանգության և ժողովրդի համար: Մենք պետք է ելք գտնենք` ապահովելու ՀՀ-ի և Արցախի հայերի անվտանգությունը»:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---