17 սեպտեմբերի 2022 - 11:47 AMT
ԱԺ խոսնակ․ Դժգոհ ենք ՀԱՊԿ-ից, հետևություններ կանենք

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստատեսության եթերում անդրադառնալով այն հարցին, թե ինչ է Ադրբեջանը ուզում, որ Հայաստանը չի տալիս բանակցություններով, ասել է, որ Բաքուն ուզում է, որ Հայաստան չլինի, հայեր չլինեն։

«Նրանք ամեն ինչ են ուզում։ Ուզում են, որ տարածաշրջանում միայն իրենք ու Թուրքիան մնան և ամեն ինչ անում են այդ ուղղությամբ»,-ասել է նա։

ԱԺ խոսնակը նաև հայկական կողմի դժգոհությունն է հայտնել ՀԱՊԿ-ից։

«Շատ դժգոհ ենք։ Այն ակնկալիքները, որոնք կային, չեն արդարացվում։ Եվ մենք շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ–ը չի անում այն, ինչի համար նախատեսված է։ Բնական է, դրանից հետևություններ ենք անելու, անում ենք և արդեն արել ենք»,– ասել է Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Հայաստանը նաև ՌԴ–ի հետ ունի փոխօգնության պայմանագիր և ռուս գործընկերներից ակնկալում են շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարություններ։

Ըստ Սիմոնյանի, ստեղծված իրավիճակում ռազմական դրություն չի հայտարարվում, քանի որ դա «կարող է գնահատվել որպես որպես ագրեսիա»։

«Հարևան երկիրը մշտապես և հարձակումից առաջ արդարացում է բերում, որ մենք պատրաստվում ենք հարձակման, ինչ–որ սադրանք ենք արել և այլն»,– ասել է Սիմոնյանը։

Խոսելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու պահանջներին՝ Սիմոնայյն ասել է, որ գոյությունի ունի միայն մեկ միջանցք՝ դա Լաչինի միջանցքն է, իսկ այլ միջանցնքներ «կան միայն Ադրբեջանի նախագահի բառապաշարում»։

Նա չի ժխտել սակայն ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարությունը, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։

Սիմոնյանն անդրադարձել է նաև ԱՄՆ Ներկայացուցվիչների պալատի Նենսի Փելոսիի այցին ՀՀ, որը մեկնարկում է սեպտեմբերի 17-ին՝ կարևորելով այն այդ թվում նաև Հայաստանի համար անվտանգության երաշխիքների տեսակետից։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

Ընթերցեք նաև․ Սիմոնյան․ Կա ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական 1-2 խումբ, որոնց որոնում են