Քոչարյան․ Աշխատում ենք մեկ այլ ծրագրի վրա, եթե ժողովուրդը զարթնել է թմբիրից, պետք է սկսել և գնալ մինչև վերջ

Քոչարյան․ Աշխատում ենք մեկ այլ ծրագրի վրա, եթե ժողովուրդը զարթնել է թմբիրից, պետք է սկսել և գնալ մինչև վերջ

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քաղաքացիների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հանգամանքին, որ բավական երկար ժամանակ հանդիպումներ չի ունեցել, ասուլիսներ չի տվել և կարող էր տպավորություն ստեղծվել, թե մի կողմ է քաշվել կամ հեռացել ակտիվ քաղաքակակնությունից, ասել է, որ դա թյուր կարծիք է՝ ինքը «թեմայի մեջ է, պայքարի մեջ»։

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին մի խումբ քաղաքացիների նախաձեռնությամբ, որոնք սեպտեմբերի 15-ին ԱԺ-ի մոտ ինքնաբուխ հավաքից գնացել էին Քոչարյանի գրասենյակ և հանդիպում պահանջել նրա հետ։

Նա ասել է, որ թեև ապրիլ, մայիս, հունիս ամիսներին, երբ «Դիմադրություն» շարժումը փողոցային պայքարի էր դուրս եկել, ինքը չվերցրեց «առաջնորդի դրոշը», առաջին շարքերում չէր, բայց «առաջնորդի դերակատարությունից չի հրաժարվել»։

Անդրադառնալով 2021-ի ընտրությունների արդյունքներին՝ Քոչարյանն ասել է, որ «իր կերպարը, ղարաբաղյան իր անցյալը, պատերազմում հաղթանակած առաջնորդի կերպարը վախեցրեց ժողովրդի մի մեծ զանգվածի», որի պատճառները, ըստ նրա, նաև կենսաբանական են։

Նա նշել է, որ պատերազմի ժամանակ վախն ամենահզոր բնազդն է, որին արձագանքելու 3 տարբերակ կա։

«Առաջինը՝ պայքարել քո կյանքի համար, երկրորդը՝ փախչել, և երրորդը՝ ենթարկվել, կամ ձևանալ, թե մեռած ես՝ չկաս։ Սա ավելի շատ կենսաբանություն է, ոչ թե հոգեբանություն և սա աշխատեց ժողովրդի կոլեկտիվ պահվածքի վրա։ Երկրորդ գործոնը ռևանշիստներ, ղարաբաղցի-հայաստանցի, հին-նոր թեզն էր, որը ևս իր ազդեցությունն ունեցավ։ Այս գործոնը երկար տարիներ սնվում էր և որոշակի հետք թողել է»,-ասել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ այդ գործոններն են հաշվի առել, երբ սկսում էին «Դիմադրության» շարժումը՝ որոշվել էր, որ իր կերպարը չլինի առաջին գծում, չառաջացնելու համար հների-նորերի արհեստական թեզի վերակենդանացում:

«Եթե տեսնում եք «Հայաստան» դաշինքի ակտիվ գործունեությունը, վստահ եղեք, որ ես դաշինքի հետ եմ, որ այդ հարցերը միշտ քննարկվել են, քննարկվում են ու քննարկվելու են», - ընդգծել է Քոչարյանը։

Նա ասել էր, որ այժմ փորձելու են գնահատել վիճակը, հնարավորինս արագ։

«Այո, թեմայի մեջ եմ, պայքարի մեջ եմ, առաջնորդելու ենք պայքարը, բայց նախ պետք է գնահատել իրավիճակը։

Աշխատում ենք մեկ այլ ծրագրի վրա, չեմ ուզում փակագծերը բացել։ Եթե մեր ժողովուրդը զարթնել է թմբիրից, եթե վախի արձագանքը պայքարն է դարձել, այլ ոչ թե ձևացնելը, թե մեռած ենք, չկանք, ուրեմն պետք է սկսել՝ ուրիշ տեմպով, ուրիշ կարգախոսներով և գնալ մինչև վերջ, բայց ես պետք է այդ գնահատկանն ունենամ»,- ասել է Քոչարյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---