Բլինքեն․ ԱՄՆ-ն կշարունակի աջակից լինել ՀՀ ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը

Բլինքեն․ ԱՄՆ-ն կշարունակի աջակից լինել ՀՀ ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքենն ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։

Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։

Մենք գնահատում ենք տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովման ջանքերին աջակցելու ձեր պատրաստակամությունը։ Ցավակցում ենք վերջին հարձակումներում տեղ գտած մարդկային կորուստների կապակցությամբ և փաստում, որ մենք հանձնառու ենք աշխատել ձեր և մյուս կողմերի հետ հակամարտության խաղաղ կարգավորման խթանման նպատակով։

Լիահույս ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները և տնտեսական կապերը կշարունակեն վերելք ապրել։ Բարեկեցություն և խաղաղություն եմ մաղթում հայ ժողովրդին»,- ասվում է ուղերձում։

Սեպտեմբերի 21-ին ամբողջ աշխարհի հայերը նշում են ՀՀ անկախությունը օրը. 1991 թվականին հենց այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալուն:

Այսօր ՀՀ անկախության 31-րդ տարեդարձն է, որը, սակայն, առաջին անգամ չի նշվում որևէ միջոցառմամբ՝ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիայի պատճառով, որի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---