Միրզոյանը Լինդեի հետ զրույցում կարևորել է կին զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համարժեք գնահատականը

Միրզոյանը Լինդեի հետ զրույցում կարևորել  է կին զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համարժեք գնահատականը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ հանդիպմանն ընդգծել է Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։

Ներկայացնելով սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի մանրամասները՝ Հայաստանի արտգործնախարարն առանձնահատուկ կարևորել է դրա հետևանքների վերացման և միջազգային հանրության կողմից ագրեսոր երկրին հասցեական և համարժեք արձագանքի, ադրբեջանական առավելապաշտական և ագրեսիվ քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձ են կատարել հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ պատրաստակամություն հայտնելով գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ոլորտում փոխգործակցության խորացումը։

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային հարթակներում համագործակցության, ՀՀ-ԵՄ գործընկերության վերաբերյալ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---