Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին` կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք

Փաշինյան. Պաշտոնական հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին`  կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք

PanARMENIAN.Net - Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին ուենցած ելույթում ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 13-ի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի հետևանքները։

Նա նշել է, որ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածք և համայնք, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասար՝ միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները։

Փաշինյանն ասել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի, սահմանզատման և մյուս բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Այս կապակցությամբ Փաշինյանը պաշտոնական և հրապարակային հարց է ուղղել Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ է ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։

«Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում։

Չնայած վերը նշված փաստերին` Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները։

Ինչո՞ւ մենք այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար»,-ասել է Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից։

Նա հիշեցրել է, որ մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։

«Մինչ հանձնաժողովի ստեղծումը, 2021-ին Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։

Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար»,-ասել է վարչապետը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---