Վարչապետ․ Տարածաշրջանի կայունության վճռորոշ գործոններից մեկը ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն է

Վարչապետ․ Տարածաշրջանի կայունության վճռորոշ գործոններից մեկը ԼՂ խնդրի համապարփակ կարգավորումն է

PanARMENIAN.Net - Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանային կայունության վճռորոշ գործոններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումն է, որտեղ հասցեագրվելու և երաշխավորվելու են ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը։

Նա նշել է, որ վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Փաշինյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը և մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը շարունակում են մնալ ՀՀ կառավարության օրակարգում։

«Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հայերը միջազգային հանրության աջակցության կարիքն ունեն։ Մենք կոչ ենք անում աջակցել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների անվտանգ և անխոչընդոտ մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական, մարդու իրավունքների իրավիճակը տեղում գնահատելու և մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելությունը պետք է մուտք ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։

Ցավոք, Ադրբեջանը երկու առաքելություններն էլ արգելափակում է արհեստական, քաղաքական նախապայմաններ դնելով՝ ըստ էության արգելափակելով անկախ փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ դատապարտելի է նաև, որ Ադրբեջանը կասեցրել է հայ ռազմագերիների հայրենադարձության գործընթացը՝ ի թիվս այլ գործողությունների, նրանց ենթարկելով արհեստական դատավարությունների՝ միջազգային մարդասիրական իրավունքի, իր սեփական պարտավորվածությունների կոպիտ խախտումով և միջազգային հանրության կոչերին հակառակ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---