Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում․ Կազմակերպությունը խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից

Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում․ Կազմակերպությունը խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 23-ին Թուրքիայի Իզմիր քաղաքում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստում, խոսելով տարածաշրջանում վերջին զարգացումների մասին, ասել է, որ կազմակերպությունը խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից։

Նա նշել է, որ Ադրբեջանը նոր տարածքներ է գրավել Հայաստանում՝ ի հավելումն 2021-ի մայիսից զավթումներին:

«Այս պատերազմը ոտնահարել է Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ միջնորդությամբ ընթացող բանակցությունները: Սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամներն անհատապես խստորեն քննադատել են խաղաղության հանդեպ այս ոտնձգությունը և հորդորել վերադառնալ բանակցություններին: Որոշ անդամներ, նույնիսկ չքողարկելով դիվանագիտական լեզվով, հստակ մատնանշել են ագրեսոր պետությանը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկումը վերահաստատում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները:

Այս կազմակերպությունում մենք դեռ կանգնած ենք դժվար ընտրության առջև: Մի անդամ պետությունը պարբերաբար հարձակվում է մեկ այլ անդամ պետության վրա, մինչդեռ Եվրոպայի խորհրդին չի հաջողվում ակտիվ քայլեր ձեռնարկել: Այս կազմակերպությունը, ի տարբերություն շատ այլ կազմակերպությունների, նախընտրում է սահմանափակվել անորոշ և անհասկանալի հայտարարություններով, խուսափում է օբյեկտիվ գնահատականներից և օրինախախտ պետության դեմ պատժամիջոցներից:

Մեր կազմակերպության լռությունն ու մեր կամավոր մեկուսացումը, ըստ էության, ավելի են խրախուսում ագրեսիան այնպիսի պետությունների կողմից, ինչպիսին է Ադրբեջանը, որը որևէ կերպ չի պատժվում հարևանի դեմ իր ագրեսիայի համար և շարունակում է վերահաստատել սեփական հորինվածքները:

Իմ հայրենակիցները հրաժարվում են հավատալ, որ Կասպից ծովի գազին և նավթին հասնելու խոստումը կարող է մթագնել մեր կազմակերպությանն անդամակցողների միտքը: Չենք ուզում տեսնել թյուրքական պետությունների գլոբալ ծրագրերը՝ ֆիզիկապես միավորելու իրենց պետությունների առանձին հատվածները Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացմամբ կամ բռնակցմամբ և հարյուրավոր անմեղ քաղաքացիների կյանքի գնով:

Փաստորեն երկակի ստանդարտների և աշխարհաքաղաքականության ականատեսն ենք: Այլապես ի՞նչ բացատրություն տալ այն հանգամանքին, որ անգամ պատերազմները մեր կազմակերպությունում տարբեր վերաբերմունք ու արձագանքներ են ստանում: Օբյեկտիվորեն չեն կարող լինել լավ ու վատ, ճիշտ ու սխալ պատերազմներ: Այդուհանդերձ հաճախ դրա ականատեսն ենք մեր որոշումներում և գործողություններում»,-ասել է նա:

Խոսելով սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի անկախության օրվա մասին՝ Գևորգյանն ասել է, որ հայ ազգը շարունակելու է պայքարել և ապրել արժանապատիվ և որ արժանապատվության այս խոր զգացումն արմատացած է այն պատմական ժառանգության մեջ, որ հայկական քաղաքակրթությունը հազարամյակների ընթացքում կերտել և ստեղծել է աշխարհի այս հատվածում:

«Մենք միշտ կառուցել և ստեղծագործել ենք, որտեղ էլ ապրել ենք՝ հայրենիքում, թե աշխարհով մեկ սփռված:

Սա վերաբերում է նաև այսօրվա Թուրքիային, որտեղ ժառանգության զգալի մասը հայկական արմատներ կամ հայկական հետքեր ունի, լինի դա Սուրբ Սոֆիայի տաճարը կամ Ստամբուլի Դոլմաբահչե պալատը: Նմանապես էլ Բաքվում, որտեղ հայերը շատ բան են կառուցել և ստեղծել, Իզմիրում, որտեղ հայկական հարուստ մշակութային և պատմական ժառանգության զարգացումն ընդհատվել է 1922 թ.: Ի դեպ, տարբեր երկրների հայկական ծագում ունեցող բազմաթիվ հայտնի քաղաքական, պետական և հասարակական գործիչներ սերում են հին Զմյուռնիայից: Նրանց թվում են Ֆրանսիայի հանգուցյալ վարչապետ Էդուարդ Բալլադյուրը, Եգիպտոսի առաջին վարչապետ Նուբար փաշան, հայտնի ամերիկացի գործարար և բարերար, Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը և այլք»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---