Հայ-իրանական հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով, ապրիլի 13-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Իրան: Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում սա Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն է Իրան:



Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել եւ հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը` նկատելով, որ նման այցելություններն ու բարձր մակարդակի շփումները հնարավորություն են տալիս քննարկելու եւ լուծումներ տալու հայ-իրանական հագեցած օրակարգին վերաբերող տարբեր խնդիրների: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարեւ որություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը, նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարեւորություն ունեցող հարեւան եւ «դժվար օրերի բարեկամ»` շնորհակալություն հայտնելով ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարեւոր առաջանահերթություններից մեկը: «Անհրաժեշտ է պահպանել եւ ընդլայնել մեր ձեռքբերումները»,-նշել է Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը:



Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը: «Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումը լավագույն վկայությունն է բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման մեր տեսլականի: Վստահ եմ, որ քննարկված խնդիրների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն փաստաթղթերի, որոնց իրականացումը կբերի մեր բարեկամության հետագա էլ ավելի խորացմանը»,- ընգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Երկու երկրների ղեկավարները կարեւորել են Իրանի հայկական համայնքի լուրջ դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:



Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ առեւտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, առեւտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, էներգետիկ, տրանսպորտի եւ առեւտրի բնագավառներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:



Իրանի Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի խնդրանքով Նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հայ-թուրքական քաղաքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին: Զրուցակիցները կարեւորել են առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարեւոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում մշտապես ցուցաբերված հավասարակշռված մոտեցման համար, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---