Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարածք

Թաթոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանական ներխուժումները ՀՀ  տարածք

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը Լոս Անջելեսում կայացած բարձրաստիճան համաժողովի մասնակիցներին փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ից մինչև 2022թ. սեպտեմբերի 15: Այդ մասին Թաթոյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Այցը մեկնարկել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) հրավերով։

«Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել եմ ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ներխուժած վայրերից: Ներկայացրել եմ նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները»,-ասվում է գրառման մեջ։

Թաթոյանը նշել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը:

«Ցուցադրել եմ նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ»,-ասվում է գրառման մեջ:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---