Դեսպանները Սոթք են այցելել

Դեսպանները Սոթք են այցելել

PanARMENIAN.Net - Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այսօր այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։

Դեսպաններին ուղեկցող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ միայն Սոթքում 148 տուն է վնասվել։ Դրանցից մի քանիսի ավերակներն այսօր արտասահմանցի դիվանագետները հնարավորություն են ունեցել անձամբ տեսնելու, գրում է Sputnik Արմենիան։

«Կարծում եմ` շրջայցից հետո դուք ինքներդ կհամոզվեք, որ մեր քաղաքացիական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական բնակչությունը հստակ թիրախավորվել են»,– ասել է Սանոսյանը։

Սոթք այցելած միջազգային դիվանագետների թվում են ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Նիդերլանդների թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԱՄՆ փոխդեսպանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարը և այլք:

Պատվիրակությանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից բացի, ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---